Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Իսահակյանի արձանը Պանթեոնում։

XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։



Եղիշե Չարենց

Գրական անունը

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի


Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ: